Թուրքիայի կեցվածքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ Թուրքիան իր մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարության հայտարարություններին:

«Թուրքիայի կեցվածքը փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում, չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտությանն առնչվող գործընթացներում»,–նշված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն հայտնում է նաև, որ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն: Հարցն այն է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են հրավիրել ու բացատրել` ինչն ինչոց է

Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ, ըստ ՀՀ ԱԳՆ–ի, Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում: Միաժամանակ, Հայաստանի արտգործ նախարարությունն արձանագրում է, որ 21-րդ դարում Թուրքիան տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

ՀՀ բնակչության անվտանգությանն ուղղված գործողությունները ստանալու են իրենց պատասխանը․ ԱԳՆ

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։

«Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել». Մատվինեկոն` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին