Ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը. ՊՆ պարզաբանումը

Արծրուն Հովհանննիսյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Այս փուլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից ռազմական օգնության կարիք չկա․ այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից մարտական գործողություններ են ընթանում, և քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սա ենթադրում է կազմակերպության աջակցությունը։

Hermes ԱԹՍ-ն խոցվել է արդիականացված «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգից. ՊՆ–ն մանրամասներ ներկայացրեց

«Հակամարտության աստիճանն ու մասշտաբներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին ինչ-որ գործողությունների, միջամտության և օգնության համար», - նշեց նա:

Հովհանննիսյանը վստահեցրեց՝ ՀՀ զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Նշենք, որ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել գնդակոծությունները:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։