ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ-ի և անձամբ նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը: Նա դժգոհել է, թե ինչպես են դիվանագետներն աշխատել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու իրավիճակի սրման շրջանում:
«Հայաստանի վարչապետն ասում է` ՂարաբաղըՀայաստանն է, և վերջ»։ Ես պատասխանում եմ նրան։ Իսկ արտաքին գործերի նախարարությունն ինչ-որ մակարդակով պատասխանե՞լ է, թե՞ ոչ ։ Ես չեմ լսել, Ադրբեջանի ժողովուրդն էլ չի լսել։ Ո՞վ պետք է առաջին հերթին դա աներ։ ԱԳՆ-ն լռում է», - նրա խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևի խոսքով ՝ հուլիսի 12 –ից հետո, երբ սկսվել են իրադարձությունները (սահմանին-խմբ.), կառավարության բոլոր անդամներն աշխատավայրում են եղել։
«Ես մինչև առավոտ աշխատավայրում եմ, վարչապետը աշխատավայրում է։ Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, պետական անվտանգության ծառայության պետը, արտաքին հետախուզության ծառայության պետը, ներքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը. բոլորն առավոտից գիշեր աշխատավայրում են։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին», - հավելել է նա։
Այնուհետև Ալիևը հարցրել է վարչապետին, թե որտեղ է եղել արտգործնախարարը։ Պարզվել է, որ նա աշխատել է տնից։
«Պարզ է։ Ես չեմ ուզում խորանալ։ Շատ բան կարող եմ ասել, բայց կարծում եմ, որ դա բավարար է»,- ի պատասխան ասել է Ալիևը։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում արդեն շրջանառվում են Մամեդյարովի հրաժարականի լուրերը։ Պաշտոնական հաստատում դեռ չկա։
Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան