Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայկական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ մարտական գործողությունների երկու օրվա ընթացքում պետական սահմանի հատվածում խոցել են ադրբեջանական 10 անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կարող եմ ասել, որ հուլիսի 12-ից հակառակորդի 10 անօդաչու թռչող սարք է խոցվել, այդ թվում՝ այսօր ոչնչացված Hermes 900 ԱԹՍ–ը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից