ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ կիրառել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ տեղեկությունը հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Տանկերն ամենածանր սպառազինությունը չեն, որը կիրառվել է Ադրբեջանի կողմից։ Եթե օգտագործվել են հաուբիցներ, «Գրադ», ապա տանկը կիրառված ամենամեծ սպառազինությունը չէ։ Այո՛, «Գրադ» կիրառվել է»,-ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
«Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից»․ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։