ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շաբաթվա սկզբից մարզումներ են իրականացվում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսեթիայում և Աբխազիայում։
Զորավարժություններին ներգրավված է նաև ՀՌՕ կազմում գտնվող և Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակներ` զրահատանկային, հրթիռահրետանային, ավիացիա և այլն։
Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և տելեգրամ ալիքներ տեղեկություն էին տարածել, թե, իբր, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանից արդեն մի քանի օր ռուսական ուղղաթիռները պարեկություն են իրականացնում հայ–թուրքական սահմանին` հայ–ադրբեջանական սրված իրավիճակի ֆոնին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։ Sputnik Արմենիային ՀՀ ՊՆ–ից ևս հայտնեցին, որ տեղյակ են ռուսական ավիացիայի զորավարժությունների մասին` դեռ դրանց անցկացումից առաջ։