ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին։ Իգոր Նազարուկն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, այս ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, հագեցած օրակարգ, և հետևողական աշխատանքը թույլ կտա իրապես ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալները:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անակնկալ է մատուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին
Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:
Դեսպանն անդրադարձել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սևանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաև կարևորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը:
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան:
Նազարուկն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի նկատմամբ և նշել, որ ջերմությամբ կհիշի մեր երկրում դիվանագիտական առաքելության տարիները:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ նա կմնա Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:
Համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին