ԵՐԵՎԱՆ, հուլիսի – Sputnik. Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակ չի գնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով քրեական գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշում կայացնելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտնեց գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հայտնել էինք, որ այսօր Սեյրան Օհանյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն ՍԴ ուղարկելու համար։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին։
«Քրգործի վարույթը կասեցնելու և այն ՍԴ ուղարկելու համար դատարանը պետք է խորհրդակցական սենյակ գնա, սակայն պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկման արդյունքում դատարանի համար ակնհայտ է, որ դրանց լուծումը հնարավոր չէ։ Դատարանը չի գնում խորհրդակցական սենյակ, և դա հետաձգում է մինչև միջնորդությունների համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը»,-ասաց Դանիբեկյանը։
Նրա խոսքով՝ մինչև Վճռաբեկում և ՍԴ-ում եղած դիմումների քննությունը չի կարող քննել քրգործի վարույթը կասեցնելու միջնորդությունը։
Մինչ այդ, Քոչարյանի գործով դատախազներն այսօր առարկել էին պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ասելով, որ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու հիմքեր չկան։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր դիմել Սահմանադրական դատարան՝ քրեական օրենսգրքի նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի սահմանադրականության և դրա՝ Սահմանադրության 72, 73, 69, 79 hոդվածներին համապատասխանության հարցով:
Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։ Այսինքն՝ դատարանը պետք է գնահատի, արդյո՞ք առաջադրված մեղադրանքը համապատասխանում է քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ
Դրանից հետո, սակայն, Քոչարյանի պաշտպանները ՍԴ դիմում ներկայացրին՝ իրենց դիմումները հետ վերցնելու։ Քոչարյանի փաստաբանները նաև Վճռաբեկ դատարան են բողոք ներկայացրել, որով վիճարկում են Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Պաշտպանական թիմը կարծում է, որ նրա նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա:
Իր հերթին դատախազությունը նույնպես Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Դատախազությունից հայտնել էին, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն Դատախազությունը, այլև գործը քննող և Վերաքննիչ դատարանները։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: