Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Գիշերային տեսանկարահանման կադրերում երևում է, թե ինչպես են հայկական ԶՈՒ-երը դիպուկահար կրակով ոչնչացնում ադրբեջանական կրակային հենակետը:
Sputnik

ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են հայկական ԶՈՒ-երը հրետանային կրակով ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը նշանառության տակ առած ադրբեջանական հենակետերը։ Տեսանյութը տեղադրված է ՀՀ կառավարության Facebook-յան էջում:

Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել

Տեսանյութը նկարահանվել է գիշերը և վերնագրված է այսպես. «Գիշերային պատժիչ գործողություններ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է արել և պատրաստակամություն հայտնել միջնորդել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 12 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է։