ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Օնիկ Գասպարյանի և Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա պլաններն ու զարգացման վերաբերյալ այլ հարցեր։
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:
ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
Իրավիճակի մասին այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրուցել էին հեռախոսով։