ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Եղեգնաձորի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ սույն գործով մեղադրանք է առաջադրվել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին։
«Ուսումնասիրություններով պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումները թույլ են տրվել 2016թ. հունվարից 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ շինարարական-վերանորոգման 24 ծրագրերի, ճանապարհային և շենքերի բակային ծածկույթի հիմնանորոգման, մասնակի կամ ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ ծրագրերի կատարման, ինչպես նաև՝ գնումների գործընթացում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արդյունքում՝ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վատնել է համայնքի բյուջեի ֆինանսական միջոցները՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 3.323.900 ՀՀ դրամի գույքային վնաս:
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու
Իրականացված ուսումնասիրության արդյունքներով` արձանագրվել են նաև այլ բնույթի խախտումներ՝ բյուջետային մուտքերի ապահովման գործընթացում, աղբահանության կազմակերպման աշխատանքների, տարբեր ուղղություններով համայնքային միջոցների ծախսման և գնումների իրականացման ոլորտներում:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք հարցումներ, շենք-շինությունների վերանորոգման և ճանապարհաշինության աշխատանքների վերաբերյալ առանձին պայմանագրերի, կատարողական, փորձարկման, տեղազննության և հսկիչ չափագրման ակտերի և համեմատական տեղեկագրերի զննություններ, հարցաքննվել են համայնքապետարանի աշխատակիցներ, կապալառու ընկերությունների տնօրեններ, որոնց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞
Հայտնաբերված խախտումների առնչությամբ կապալառու կազմակերպությունները պարտավորվել են վերացնել առկա բոլոր թերությունները, որից հետո լրացուցիչ շինարարական վերանորոգման աշխատանքների կատարմամբ և համայնքային բյուջե գումարներ վճարելով՝ մասնակիորեն փոխհատուցել են Եղեգնաձոր համայնքին պատճառված վնասները: