Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

Քաղաքագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձել են պարզաբանել, թե ինչ գործոններից է կախված սահմանում իրադարձությունների հետագա զարգացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներկայիս էսկալացիան առանց չափազանցնելու կարելի է համարել Հայաստանում ամենամեծը «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո։ Այս ընթացքում ավելի լուրջ բախումներ տեղի չէին ունեցել։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Ավելին, 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ընթացքում էսկալացիայի բռնկումներից խուսափելու, ինչպես նաև առաջնագծում միջադեպերը կանխելու նպատակով բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել միմյանց հետ կապի օպերատիվ հնարավորություններ ստեղծելու մասին։ Այդ պայմանավորվածությունները այս ընթացքում որոշակի բացառություններով գործում էին։ Բայց հիմա դրանց մասին կարծես մոռացել են։

Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունը երբեք խնդիր չի դրել երկարաժամկետ հեռանկարում պահպանել հրադադարի ռեժիմը։ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները Բաքվին անհրաժեշտ էին, որպեսզի դադարն օգտագործի սեփական սահմանամերձ ենթակառուցվածքների ամրապնդման, նոր ամրություններ ստեղծելու և այլնի համար։ Հայկական կողմն իր հերթին փորձում էր հնարավորինս կանխել ինժեներական այդ աշխատանքները։

ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան

«Այսօր, կարծես թե, Ադրբեջանն այլ նպատակներ ու խնդիրներ ունի։ Պատահական չէ, որ դեռ մեկ շաբաթ առաջ այդ երկրի նախագահը խոսում էր բանակցային գործընթացի ոչ արդյունավետ լինելու մասին։ Այս պայմաններում սպասելի էր, որ Ադրբեջանը իրադարձությունները տեղափոխելու է առաջնագիծ», –Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Աբրահամյանը։

Փորձագետը մտավախություն ունի, որ միայն Տավուշի ուղղությամբ ամեն ինչ կարող է չսահմանափակվել, և առաջիկայում նման բախումներ կարող են տեղի ունենալ սահմանի նաև այլ հատվածներում կամ Արցախի շփման գծում։

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

Քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի աշխատակից Նարեկ Մինասյանը հակված է սահմանային լարումն Ադրբեջանում վատթարացող ներքին, սոցիալ–տնտեսական խնդիրներից շեղելու փորձ համարել․ դրանք հետևանք են ինչպես նավթի գների անկման, այնպես էլ կորոնավիրուսային համավարակի։ Այս իրավիճակում արտաքին սպառնալիքի թեման հիանալի հնարավորություն է հասարակությանը շեղելու ներկայիս ռեցեսիայից, մեզ հետ զրույցում հայտարարեց քաղաքագետը։

Մինասյանի կարծիքով՝ իրադարձությունների հետագա զարգացումը կախված է 2 գործոնից՝ տեղում` այսինքն սահմանին տիրող օպերատիվ իրավիճակից և միջազգային հանրության արձագանքից։

«Ադրբեջանն այժմ բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ զգալի կորուստներ է ունեցել։ Դա կարող է բերել նաև վարկանիշի կորստի։ Կփորձեն նաև ջրից չոր դուրս գալու փորձեր անել, այդ թվում տարատեսակ տեղեկատվական լցոնումների և հարձակումների օգնությամբ», – հավելեց փորձագետը։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։