Կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը

Արտակարգ դրության երկարաձգման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ յոթ օր առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik.Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 12․08․2020թ-ի ժամը 17։00-ն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության երկարաձգման մասին հայտարարել էր դեռ հուլիսի 6-ին։  Նա նշել էր, որ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:

Այսօրվա նիստում նա նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ չկա։ Հետևաբար, եթե արտակարգ դրությունը չերկարացվի, ըստ էության հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։

Արտակարգ դրության երկարացումն ունի նաև քաղաքական ենթատեքստ. որտեղ է թաքնված խնդիրը

«Այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել։ Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև։ Այսինքն` այն թիրախավորված և հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի։ Ինչու այդ օրենսդրության մշակումը մենք չենք սկսել օրինակ մարտին, որովհետև մարտին կանխատեսումներ արել էին, և մտածում էինք, որ այս համաճարակը երևի մի քանի ամիս կտևի ու մինչև այդ օրենսդրությունը պատրաստվի երևի համաճարակն էլ կվերանա։ Բայց կյանքն այլ բան ցույց տվեց, և մենք առաջիկայում պիտի աշխատենք, որպեսզի նոր գործիքակազմ կիրառենք և ստիպված չլինենք անընդհատ պանդեմիային զուգահեռ արտակարգ դրությունը երկարաձգել»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։