Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին

Արտգործնախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ադրբեջանական կողմի գործողությունները։

Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան

«Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումը սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները՝ միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայության մասին, Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը` Արցախի ԱԳՆ–ն նշում է, որ անթույլատրելի է այն, քանի որ իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը։

Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին