ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի հրետանակոծության պահին վնասված տներից մեկում եղել են երեխաներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի հուլիսի 13-ին Չինարի գյուղի թիրախային հրետանակոծությունն ապացուցող նոր փաստեր է ստացել: Դրանց հիման վրա պաշտպանը տեղեկացնում է, որ նոր զեկույց է ուղարկելու միջազգային կառույցներին:

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Ադրբեջանական կողմի հրետանակոծմանը ենթարկված հայկական գյուղի բնակիչներից ու գյուղապետից ՄԻՊ աշխատակազմ ստացված ահազանգերի համաձայն՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ 10-յակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:

Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում՝ վնասվել է բնակելի տան տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

«Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։

Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Նրա խոսքով՝ դա հատկապես դատապարտելի է կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ էր արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։

Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն ու և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին:

Հիշեցնենք՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Չինարիի խաղաղ բնակիչները հրետակոծության հետևանքով կրել են բացառապես գույքային կորուստներ: