Արգանակ եփելիս ինչպե՞ս խուսափել փրփուրից. հայ խոհարարի խորհուրդները

Միս եփելիս կանգնում եք գազօջախի մոտ ու սպասում փրփուրին, որ արագ հեռացնե՞ք։ Եթե այո, ապա մեր նյութը հենց ձեզ համար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արգանակով կարելի է տարատեսակ ուտեստներ պատրաստել` սոուսներ, ապուրներ, դոնդող... Ու հաստատ շատերին է հետաքրքրում այս հարցը` միսը եփելու ընթացքում առաջացած փրփուրը պե՞տք է թափել, թե՞ ոչ։

Գուցե շատերը զայրանան` ինչպե՞ս կարելի է չթափել, այլապես արգանակը թափանցիկ չի լինի։

Ի՞նչ են առաջարկում հայ խոհարարները

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ անդամ, խոհարար Աննա Մաթևոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, թե որ դեպքում փրփուրը չեն հեռացանում արգանակի վրայից։

«Ինձ քար է պետք»․ հայ խոհարարուհին եթերում տոլմա պատրաստելով զարմացրել է ամերիկացիներին

«Եթե դուք որոշել եք արգանակ եփել միայն հարթ, փափուկ մսի կտորներից, ապա պետք է միսը գցեք եռացող ջրի մեջ։ Այդ ժամանակ չեք մտածի քափն արագ հանելու մասին, քանի որ այն շատ քիչ կլինի», – ասաց Մաթևոսյանը։

Այլ հարց է, եթե որոշել եք ոսկրոտ մսով արգանակ եփել։ Ուրեմն պետք է կտորները լցնեք սառը ջրի մեջ, հետո կաթսան դնեք կրակին։ Այդ դեպքում փրփուր է առաջանում, և այն պետք է հեռացնել։

Ի՞նչ է առաջարկում համացանցը

Արգանակի վրա գոյացող փրփուրն իրականում կեղտ չէ, ոչ էլ հակաբիոտիկ կամ որևէ այլ բան, ինչպես կարծում են շատերը։ Այն պարզապես «կտրված» սպիտակուց է։ Բայց դե իսկական գուրմաններն ամեն դեպքում թափանցիկ արգանակն են նախընտրում։

Եթե փրփուրը հավաքվել է, ու դուք չեք հասցրել հեռացնել այն, ուրեմն մի տարբերակ կա` քամել արգանակը, լվանալ միսն ու կաթսան և կրկին դնել եփելու։

Տարբերակ երկրորդ` կանգնել գազօջախի մոտ ու գդալով որսալ փրփուրը։

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս

Բայց մեկ այլ տարբերակ էլ կա` արգանակի մեջ սոխ գցել։ «Կտրված» սպիտակուցը կկպչի սոխին ու չի փչացնի ուտեստի արտաքին տեսքը։ Խորհուրդ է տրվում նաև ապուրներն ու արգանակները եփել մարմանդ կրակի վրա` մի փոքր աղ ավելացնելով ջրի մեջ։

Ոմանք նաև առաջարկում են արգանակի մեջ սոխի կճեպ գցել։ Կամ եթե փրփուրը նստել է կաթսայի հատակին, ավելացնել մեկ բաժակ սառը ջուր, և այդ դեպքում փրփուրի մասնիկները վերև կբարձրանան, և դուք կկարողանաք հեշտությամբ հեռացնել այն։
Շատերն ասում են, որ լավ միջոց է նաև դափնու տերևը։ Թե այս տարբերակներից որն է նախընտրելի, որոշեք ինքներդ, բայց անվանի խոհարարները խորհուրդ են տալիս խնդիրներից խուսափելու համար արգանակը միշտ քամել։

«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ