ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքի «Անա Հեք» թոք-շոուի հաղորդավար, հայազգի Նշան Տեր-Հարությունյանը դատարանի առաջ կկանգնի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար։
Arab Weekly-ի հաղորդմամբ՝ հանդիսականներից մեկը Տեր-Հարությունյանին փախստական էր անվանել և մեղադրել ռասիզմի մեջ նրա համար, որ նա Էրդողանին չարիք էր անվանել։ Տեր-Հարությունյանն էլ պատասխանել է8 հանդիսատեսին. «Նա հենց չարիք է, միլիոնավոր չար մարդկանց որդին»։
Ավելի ուշ նա պարզաբանել էր իր արտահայտությունը՝ նշելով, որ այն վերաբերում էր Էրդողանին, նրա ռեժիմին, թուրք-օսմաններին և թուրքերին։
«Եթե դուք կարծում եք, որ ես փախստական եմ, ապա ասեմ՝ ես ավելի շատ ծագումով լիբանանցի եմ, քան դուք, և ես հպարտանում եմ Լիբանանով ավելի շատ, քան դուք»,- ասել էր նա:
Տեր-Հարությունյանի արտահայտություններն իսկական իրարանցում են առաջացրել թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունում։ Տասնյակ ցուցարարներ են հավաքվել Al Jadeed հեռուստաալիքի առջև և բողոքի ակցիա կազմակերպել «Օսմանյան պետությանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված «վիրավորանքի» համար:
Թուրքիայի իշխանությունները մտադիր են «փակել» Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարները
Իսկ Թուրքիայի իշխանությունները կապվել են Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ և պահանջել, որ պետական մակարդակով «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկվեն հաղորդավարի դեմ ։
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտարարել է, որ «դատախազությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ Տեր-Հարությունյանի գործը կներկայացվի Բեյրութի հրապարակումների պալատ»:
Տեր-Հարությունյանն իր խոսքերի համար պատասխան կտա հոկտեմբերին։
Ի դեպ, մի շարք լրատվամիջոցներ պաշտպանել ենՏեր-Հարությունյանին, գործընկերներից շատերն ի աջակցություն նրա՝ Twitter-ում գրառումներ են արել։ Նրանց թվում է հայտնի լիբանանցի երգչուհի, դերասանուհի և մոդել Սիրին Աբդելնուրը։
Որոշ մասնագետներ անանուն մնալու պայմանով հայտնել են առաջադրված մեղադրանքների ոչ իրավաչափության մասին: Նրանց կարծիքով այս ամենի պատճառը այն է, որ Թուրքիան չի ուզում ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հանցագործությունները։