Կյանքը վերականգնվում է. Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարը

Հայաստանում անցկացվող շախմատային մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Չնայած համավարակին՝ Ջերմուկ քաղաքում շախմատային առօրյան սկսվել է. մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Անշուշտ, մրցաշարն անցկացվում է հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Մրցաշարի բոլոր մասնակիցները պաշտպանիչ դիմակներով են։ 

Լևոն Արոնյանը «վերադառնում» է կյանք. նա սկսել է պատրաստել և Պոնչիկի հետ մարզվել

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով:  Արդեն անցկացված 5 խաղափուլերի արդյունքներով՝ առաջատարը 22-ամյա գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է։ Նա հնարավոր 5 միավորից վաստակել է 4 -ը։ Կես միավորով նրան հաջորդում է 24-ամյա Արման Միքայելյանը։ Առաջատարին հետապնդող շախմատիստների խմբում են 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Դավիթ Շահինյանը՝ 3-ական միավորով։

Ջերմուկում անցկացվող մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։ Նիդեռլանդների ներկայացուցիչ Պեն Չժաոցինը Twitter-ի իր էջում ջերմուկյան մրցաշարից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.

«Հաճելի չէ, բայց աշխատում ենք հատուկ պայմաններում»,- գրել է շախմատիստուհին՝ նկատի ունենալով մրցաշարի մասնակիցների դիմակները։

Հիշեցնենք՝  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 577–ով և դարձել 31 969։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 589 մարդ, կատարվել է 134 989 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 633–ը։ Գրանցվել է մահվան 565 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 182 (+2)։

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում