Սևանի թերակղզին բազմամարդ է. ոստիկանությունը ստիպված է հսկողություն իրականացնել

Դիմակներ չունեցող քաղաքացիներին ոստիկանները դիմակներ են տալիս, իսկ կարգը խախտողների նկատմամբ կազմում են վարչական արձանագրություններ:
Sputnik

Այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ ոստիկանությունը հսկողություն է իրականացրել Սևանի թերակղզու և վանական համալիրի, ինչպես նաև ափամերձ տարածքներում՝ մարդկանց կուտակումներ ու կորոնավիրուսի տարածման հնարավորություն թույլ չտալու համար:

Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, որ անգամ ոստիկանների հսկողության պայմաններում կղզու տարածքը բազմամարդ է:

Վանական համալիր տանող աստիճանների մոտ ոստիկանները հսկում են, որ մարդիկ բարձրանան առավելագույնը 5-հոգանոց խմբերով ու դիմակներով:

Ծառայություն իրականացնող ոստիկանները տեսանյութում հայտնում են, որ դիմակներ չունեցող քաղաքացիներին իրենք նաև դիմակ են տալիս՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները:

Իսկ կարգը խախտողների նկատմամբ իրավապահները կազմում են վարչական արձանագրություններ:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։