Հուլիսի 13-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կգումարի

Գործադիրը քննարկելու է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը, ինչի մասին նախապես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Արցախում արտակարգ իրավիճակը երկարացվեց ևս մեկ ամսով

«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից»,- ասված է գործադրի տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարության նիստի օրակարգն առայժմ հրապարակված չէ, բայց մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննարկվելու է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը, ինչի մասին նախապես արդեն հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, մենք առնվազն մեկ անգամ հիմա կերկարացնենք»,- ասել էր Փաշինյանը:

Նա նաև հայտնել էր, որ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:

Արտակարգ դրության երկարացումն ունի նաև քաղաքական ենթատեքստ. որտեղ է թաքնված խնդիրը

Կառավարության որոշումից հետո նույն օրը կհրավիրվի նաև ԱԺ արտահերթ նիստ, քանի որ արտակարգ դրության` այժմ գործող իրավական ռեժիմի ժամկետն ավարտվում է հուլիսի 13–ին, ժամը 17։00–ին, և խորհրդարանը պետք է մինչ այդ հասցնի քննարկել կառավարության որոշումը:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը Վերջին անգամ այն երկարացվել է հունիսի 13–ի որոշմամբ՝ մինչև հուլիսի 13-ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմաններն այդ ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրվել են, բայց սահմանվել են հակահամաճարակային պարտադիր պահանջներ։

Իսկ մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։