ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության փոփոխության վտանգավոր նախադեպ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության որոշումը:

«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն»,- ասված է խոսնակի տարածած հայտարարության մեջ:

ԱԳՆ-ի մեկնաբանությամբ` Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը, սակայն, փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։

«Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»,- նշված է հայտարարության մեջ:

Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանություններից կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է հույն կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին: 989 թվականի հզոր երկրաշարժից հետո տաճարի արևմտյան գմբեթի կամարը փլուզվել էր, և կայսր Բարսեղ II-ը Անիի եկեղեցիների հիմնադիր, հայ ճարտարապետ Տրդատին խնդրել էր ղեկավարել վերանորոգման աշխատանքները: Շուրջ 6 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո Տրդատին հաջողվել էր վերակառուցել ու ամրացնել տաճարի խոնարհված գմբեթը:

Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա