Փաշինյանը ներկայացրել է Ազգային անվտանգության ռազմավարությունը. ինչն է կարևորը

Փաշինյանի խոսքով` ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ, և այդ պատասխանատվությունը կրելու և իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը:

Իր ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ազգային ինքնության խնդրին։

«Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում, այդ հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով»,–իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս. Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրության օրը

Նա նշել է, որ ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այդ փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական և բացասական տպավորություններով, ինչպես նաև ապագայի ձգտումներով, որն օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ:

«Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինքնությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձևակերպել մեր նպատակադրումը՝ գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զարգացումը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետության տարածքում և մեր այսօրվա անելիքը դիտարկել նաև այդ տեսանկյունից»,–ասել է ՀՀ վարչապետը։

Նա ընդգծել է, որ ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում

Փաշինյանը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»,–ասել է նա:

Իսկ որոնք են, ըստ վարչապետի,  հայ ժողովրդի ազգային արժեքները։

  •  Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
  •  Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
  •  Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
  •  Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
  •  Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
  • - Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:
  •  Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
  •  Հեղինակային և հայկական կերպարվեստը:
  •  Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
  •  Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:
  •  Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները:

Իր ուղերձում Փաշինյանն առանձնացրել է նաև հայ ժողովրդի ազգային նպատակները։

  • Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական,անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:
  •  Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:
  •  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
  •  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:
  • Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:
  • Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, ներառյալ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:
  • Համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Հաջորդ ենթավերնագիրը, որ վարչապետը տեղադրել է այս ուղերձում կոչվում է Համակեցության համահայկական կանոններ։

  • Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:
  • Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն են: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:
  • Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:
  • Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:
  • Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:
  • Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Անդրադառնալով մեր և աշխարհի հարաբերություններին` ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: «Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»,–ասել է Փաշինյանը:

Լինել թափանցիկ ու վստահելի. իշխանությունը որոշել է` ինչպես ծախսել բյուջեն մինչև 2023թ.–ը

Նրա խոսքով` ըստ էության, Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ, որը, ըստ Փաշինյանի, ոչ այնքան նշաձող է, որքան ծանրաձող, որովհետև դա մեզնից յուրաքանչյուրի՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներով, շարունակած քաղաքացիներով, մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է որոշակի՝ իհարկե, համաչափ և համարժեք պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը կրելու և իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը: