ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու իմքայլական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հանդիպում են ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Լիլիթ Մակունցը:
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին
«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները»,- գրել է նա։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես, «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Առանձնակի ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ և ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։
Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին