ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Տուրիզմի ոլորտում առաջիկա տարիներին շահույթ չի լինելու, որովհետև վնասներն արդեն իսկ ահռելի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հռիփսիմե Ստամբուլյանը, որի ղեկավարած զբոսաշրջային ընկերությունը ոլորտի խոշոր խաղացողներից է։
«Բոլորս հստակ գիտակցում ենք՝ եթե նույնիսկ վաղն էլ սահմանները բացվեն, ապա առաջիկա մեկ, երկու տարին շահույթ չենք ունենալու։ Բայց մեր աշխատակիցները հիմա իրենց հաշվին արձակուրդում են, պետք է հասկանանք՝ ինչ ասենք նրանց՝ գնացեք, աշխատանք փնտրեք ձեզ համար, թե` մեկ, երկու, երեք ամիս էլ դիմացեք»,- նշում է Ստամբուլյանը։
Ստամբուլյանն այս ոլորտում է արդեն մոտ 10 տարի։ Նրա ղեկավարած ընկերությունը ոչ միայն արտագնա և ներգնա տուրիզմով է զբաղվում, այլև Հայաստանում և Վրաստանում եգիպտական ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, այս տարվանից նաև թունիսյան ավիաընկերության ներկայացուցիչը դարձավ՝ ուղիղ ավիակապի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և Թունիսի միջև։
Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Հայաստանցիներն այս տարի Թունիսի արևը չեն տեսնի։
Թե երբ կվերակենդանանա տուրիզմը «կարմիր գոտում» հայտնված մեր երկրում, ոչ ոք չգիտի։ Հռիփսիմե Ստամբուլյանն ասում է՝ տուրոլորտի խնդիրները սկսեցին այն բանից հետո, երբ ոլորտին նպատակային աջակցություն չցուցաբերվեց։
Տուրիստական տարբեր ընկերություններ կառավարության մշակած աջակցության ծրագրերից մեկ-երկուսին են համապատասխանել, աջակցությունն էլ շոշափելի չի եղել, գլոբալ հարցերն այդպես էլ երկնքից կախված են մնացել։ Բազմիցս դիմել են համապատասխան կառույցների՝ իրական աջակցության տարբեր մոդելներ առաջարկելով։
Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են
Օրինակ՝ տուրիստական ընկերությունների վարկերի վերաֆինանսավորում ավելի ցածր տոկոսադրույքով, քան բանկերում է։ Սեփական ընկերության օրինակով են ասում՝ գրեթե բոլոր տուրօպերատորները վարկային մեծ պարտավորություններ ունեն։ Հատկապես եթե չվերթերի ներկայացուցիչներ են, նշանակում է՝ մեծ դեպոզիտային վճարումներ են անում ավիաընկերություններին, նաև հյուրանոցներին։ Առաջարկներին մինչ օրս արձագանք չի եղել։
«Հիմա մենք հստակություն, որոշակիություն ենք ուզում։ Ե՞րբ են սահմանները բացվելու՝ եթե ոչ հուլիսին կամ օգոստոսին, միգուցե սեպտեմբերին, հոկտեմբերի՞ն։ Նաև հստակ կանոնակարգեր չկան՝ երբ սահմանները բացվեն, ինչպես են մեր զբոսաշրջիկները մեկնելու կամ ինչպես է մեր երկիր զբոսաշրջիկ գալու»,- ասում է Ստամբուլյանը։
Արդեն գրեթե մեկ ամիս է՝ աշխարհի տարբեր երկրների գործընկերներից ստացել են իրենց նախարարությունների մշակած կանոնակարգերը։
Նաև տարբեր երկրներ սկսել են հյուրանոցների վերասերտիֆիկացում անել՝ անվտանգության համապատասխանության արտոնագիր տալ, որպեսզի զբոսաշրջիկը վստահ լինի՝ իր ընտրած հյուրանոցն ապահով է, ախտահանվում է և այլն։
«Հիմա նույնիսկ եթե աշնան ամիսների համար արտերկրից հարցումներ ենք ունենում՝ Վրաստան-Հայաստան միացյալ տուրերի համար, չենք կարողանում ոչինչ պատասխանել, որովհետև չգիտենք՝ մեր երկիրը երբ նրանց ներս կթողնի կամ որ հյուրանոցները կկարողանանք առաջարկել»,- նշում է տիկին Ստամբուլյանը։
Ամենացավոտն այն է, որ պետության և մասնավոր հատվածի միջև չկա կապ, երկխոսություն։
Հասկանում է՝ այս վիճակը միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է, բայց և նշում է՝ աշխարհի տարբեր երկրներում արդեն ծրագրեր են հայտարարվում տուրիզմը վերակենդանացնելու համար, մեզ մոտ զբոսաշրջային ոլորտը կարծես անհույս «մեռած» լինի։
Տուրիզմի կոմիտեն նույնիսկ հոգեբանորեն չի աջակցել
Ալինա Պետրոսյանը գրեթե 7 տարի առաջ է մտել տուրիզմի ոլորտ։ Սկզբում դա պարզապես հոբբի էր, հետո դարձավ կենսակերպ ու շատ սիրելի աշխատանք։ Բոլորի նման արդեն չորս ամիս է՝ չի աշխատում։ Թեպետ եկամուտ ընդհանրապես չկա, բայց սիրելի աշխատանքի վրա «խաչ քաշել» չի պատրաստվում։ Ո՛չ գրասենյակի տարածքն է հանձնել, ո՛չ էլ աշխատակիցներին ազատել, բայց պետական հոգածություն նա էլ չի զգում։
Տուրիզմի կոմիտեից այս օրերին անգամ հոգեբանական աջակցություն չեն ստացել. ոլորտը համակարգող կառույցը լուռ է։
Իսկ հարկերը, նույնիսկ եթե փոքր են, 0 եկամտի դեպքում լրացուցիչ բեռ են գործարարի համար։
«Երբ քայլում եմ Երևանի փողոցներով, ահավոր ցավ եմ ապրում. տուրիստական գործակալությունների դռները փակ են, շատերի վրա գրված է՝ տրվում է վարձով։ Տուրիզմի ոլորտի ճկուն մարդկանցից շատերն այս իրավիճակում ստիպված վերապրոֆիլավորվում են, աշխատակիցները՝ այլ ոլորտներում աշխատանք գտնում։ Նշանակում է՝ երբ սահմանները բացվեն, այս ոլորտում մասնագետների խնդիր էլ ենք ունենալու»,- ասում է Պետրոսյանը։
Օտարերկրյա զբոսաշրջային բոլոր խմբերի այս տարվա ամրագրումները չեղարկվել են։
Ճամփորդությունների սիրահար օտարերկրացիներն արդեն եկող տարվա համար են ուզում ամրագրումներ անել, սակայն հայաստանյան իրավիճակն այնքան անորոշ է, որ երթուղու նկարագրությունից բացի այլ բան արտերկրի գործընկերոջն ու զբոսաշրջիկին առաջարկել չեն կարող։
«Պատկերացում չունենք՝ հյուրանոցների գնային քաղաքականությունն ինչպիսին կլինի։ Ի վերջո, անգամ երբ «կանաչ գոտում» հայտնվենք, ինչ չափանիշներով ենք զբոսաշրջիկի անվտանգությունն ապահովելու, ինչպես ենք դիմավորելու, թեստավորում պահանջելո՞ւ ենք, ջերմաչափելո՞ւ ենք... Կամ, ենթադրենք, Հայաստան եկող զբոսաշրջիկի մոտ կորոնավիրուս ախտորոշվեց, ի՞նչ է լինելու»,- ասում է Պետրոսյանը։
Նրա կարծիքով` մեկ այլ խնդիր էլ կա, որը ևս որոշակի վնաս է հասցրել ոլորտին՝ հայաստանյան հյուրանոցների մի մասը կորոնավիրուսով հիվանդների են ընդունել։ Կառավարության որոշումը չի վիճարկում, բայց իր օրինակով է ասում՝ եթե, օրինակ, Հռոմ մեկնելիս իմանա, որ ինչ-որ հյուրանոց կորոնավիրուսով հիվանդների համար է առանձնացված եղել, կխուսափի դրանից։
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանների բացման հարցը սերտորեն կապված է երկրում համաճարակային իրավիճակի հետ։ Շեշտեց` խնդիրը միայն Հայաստանինը չէ, միջազգային է։ Հարցը պարբերաբար քննարկվում է, բայց հստակ ժամկետներ նշել դեռ չեն կարող։ Ինչ վերաբերում է կանոնակարգերին, Գևորգյանի խոսքով՝ դրանք մշակվում են, բայց քանի դեռ սահմանները չեն բացվել, դրանք ոլորտին փոխանցելու իմաստը չեն էլ տեսնում։
Ասում է՝ երբ սահմանների հարցը լուծվի, հստակ կանոնակարգ կտրվի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։
Հ. Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր հրապարակման, տիկին Հռիփսիմե Ստամբուլյանից տեղեկացանք, որ 4 ամիսների պայքարից հետո Տուրիզմի կոմիտեն երեկ` հուլիսի 8–ին, հանդիպել է ոլորտի մի քանի ներկայացուցիչների հետ: Նրանք հույս ունեն, որ հանդիպման ընթացքում հնչած խոստումներն իրականություն են դառնալու: