«Եվ մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ». հիվանդանոցները կկառավարի նախարարությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ բացառություն է նախատեսվում միայն ՀՀ ՊՆ-ին պատկանող զինվորական հոսպիտալների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Արտակարգ դրության ժամանակ ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը, այդ թվում՝ մասնավորներինը, կփոխանցվի Առողջապահության նախարարությանը:

Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից

Նախարարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունն այսօր քննարկվեց ՀՀ կառավարության հերթական նիստում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ բացառություն է նախատեսվում է միայն ՀՀ ՊՆ-ին պատկանող զինվորական հոսպիտալների համար:

«Արտակարգ դրության ժամանակ լիազոր մարմնի ղեկավարի հրամանները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` արտակարգ դրության պայմաններում կենտրոնացված կառավարումն ավելի օպերատիվ ու արդյունավետ կլինի:

Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

Որպես հիմնավորում` Արսեն Թորոսայանը հիշատակեց «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքում առկա նմանօրինակ դրույթը՝ առաջարկելով նույնաբովանդակ դրույթ ավելացնել նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում:

Նախարարի ներկայացնելուց հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ նախաձեռնության նպատակը պարզ է, բայց այն կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել: Կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, հիվանդանոցների սեփականատերերը կարող են հետագայում փոխհատուցման պահանջներ ներկայացնել կառավարությանը:

«Եվ մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ ու ստիպված կլինենք համակարգի մասնավոր կառույցներին հատուցել»,- ասաց Գրիգորյանը:

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նման դեպքերում պետությունը պարտավոր է հատուցել ֆինանսական վնասները, և այդ հարցը կարգավորված է այլ օրենքով:

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. Փաշինյան

Նշենք, որ առաջարկվող նախագծով առողջապահության նախարարությունն իրավունք է ունենալու նաև ըստ անհրաժեշտության` նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի հրամաններն ու ցուցումները:

Երկարատև քննարկումից հետո կառավարությունը հավանություն տվեց Առողջապահության նախարարության առաջարկած նախագծին:

Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

526 նոր դեպք` մեկ օրում. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000–ի սահմանը