ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը՝ բեկանելով Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է Մանուկյանի պաշտպան փաստաբան Հրանտ Անանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար», - գրել է նա Facebook–ում։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։
Վաղաշեն համայնքի նախկին ղեկավարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Մանուկյանը 2003 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականի նոյեմբերին։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից։
Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց