ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում տեսանյութ է տարածվել` հերթական անգամ փորձ անելով խեղաթյուրել ոստիկանության գործողությունները։
Ստեփանավանում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև։ Ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպի տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ` իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չդնելու համար։
«Հուլիսի 3-ին Ստեփանավանում ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի միջոցով տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։
Տղամարդը ձերբակալվել է։
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ՃՈ–ի օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։
Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է հանրային տրանսպորտում և նույնիսկ փողոցում։ Միակ բացառությունը տունն է և սրճարանը։
Դիմակ չդնելու համար քաղաքացիները կարող են տուգանվել 10 000 դրամի չափով։
Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել