ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննի Առաջին ատյանի դատարանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում է կայացրել դատախազության ներկայացրած բողոքի առնչությամբ։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը: Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
«Քիչ առաջ մենք էլ հեռախոսազանգի միջոցով տեղեկացանք Վերաքննիչի որոշման մասին։ Ըստ այդմ, Վերաքննիչը որոշել է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` այն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով»,–ասաց Խաչատրյանը` հավելելով, որ, ըստ այդմ, այս պահին Ծառուկյանին դեռ չեն կալանավորի։
Նա հայտնեց, որ որոշումը կստանան առաջիկա օրերին, որից հետո կկարողանան մեկնաբանել այն։ Ծառուկյանի պաշտպանի խոսքով` պայքարը շարունակվում է։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Նա ներկա չէր լինում իր դեմ հարուցված քրգործով վերջին դատական նիստերին։