ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն ութն է։ Տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Կորոնավիրուսով վարակվածներից երկուսն արդեն իսկ առողջացած են համարվում, քանի որ թեստավորվել են ու բացասական է եղել պատասխանը։ Բացի այդ, պարետատան ցուցումով մի քանի պատգամավորներ ինքնամեկուսացել են։ Իսկ թե քանիսն է նրանց թիվը, այս պահին ասել չեմ կարող, հիմա տվյալները վերջնական չեն ինձ մոտ»,–ասաց Մակունցը՝ հավելելով, որ նոր վարակակիր չունեն։
Որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել. Մակունցը` կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին
Նկատառմանը, թե հնչում են քննադատություններ, որ խմբակցության պատգամավորները չեն պահում ինքնամեկուսացման ցուցումներն ու մասնակցում են ԱԺ նիստերին` Մակունցն արձագանքեց, որ նման բան չկա։ Նա վստահեցրեց, որ խստորեն հետևում են պարերատան ցուցումներին և, ըստ այդմ էլ, կազմակերպում աշխատանքները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը,Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը վարակվել են կորոնավիրուսով։