Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ «Թիմ» ընկերությունը այս պահին 5G ցանց ստեղծելու ծրագիր չունի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը:
Փոխարենը նոր ընկերությունը մտադիր է գնել Հայաստանում արդեն կայացած Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերությունն ու դրա հիման վրա ստեղծել նոր NGN (Next Generation Network) ցանց:
«Մենք 10 գիգաբիթ թողունակությամբ ցանց ենք կառուցելու, և վստահ եմ՝ այն ինժեներական ներուժը, որ ունի Beeline ընկերությունը, որը տարիներով պղնձային ցանց է ապահովել, շատ հեշտ կկարողանա ավելի հետաքրքիր, նոր ցանց կառուցել ու միասին ապացուցել, որ այդ ընկերության ցուցանիշները կարելի է շատ արագ լավացնել»,- ասաց Եսայանը:
Ընդ որում, նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների վրա:
«Մենք ուզում ենք հայ ինժեներներն անեն: Այն կապիտալ ծախսերը, որ պիտի անենք, գնան աշխատավարձային ֆոնդին։ Մեր խնդիրը ընկերությունը զարգացնելն է, նոր ծառայություններ առաջարկելը: Մենք ուզում ենք ավելացնել աշխատակիցների քանակը՝ տարիների ընթացքում»,- նշեց Եսայանը:
Beeline–ի վաճառքի շուրջ կրքերը թեժանում են. աշխատակիցները բողոքում են, պետությունը՝ լռում
Իրենց նորաստեղծ ընկերությունը Եսայանները մտադիր են վերածել բաց բաժնետիրական ընկերության, այնպես, ինչպես ժամանակին փորձել էին անել Ucom-ում, բայց չէին ստացել բաժնետերերի համաձայնությունը:
Իսկ առայժմ Եսայանները սպասում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը՝ Beeline-ի ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ:
Այդ հարցը հուլիսի 7-ին քննարկվել է հանձնաժողովի նիստում, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:
Իսկ մինչ այդ՝ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է Ucom ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։
Այս առիթով Ucom–ը երեկ՝ հուլիսի 6-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում էր, որ այդ գործարքը ենթակա է արգելման:
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին
Ըստ Ucom–ի` «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ Եսայանները նոր գործարքի համար բանակցություններում օգտագործել են Ucom ընկերությունում իրենց հասանելի գաղտնի տեղեկությունը:
Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը, ըստ Ucom-ի, հակասում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքին, ու այդ առաջարկը ենթակա է արգելման ՏՄՊՊՀ կողմից։