Գոնե իմ սերնդի ներկայացուցիչները, կարելի է ասել, երկու տարբեր կյանքեր ունեցան՝ մեկը սոցիալիզմի օրոք, մյուսը՝ կապիտալիզմի: Բայց ախր հիմա ամեն ինչ խիստ հարաբերական է դարձել։ Տեսեք՝ շատ քիչ կոմունիստական երկրներ են մնացել աշխարհում, դրանցից մեկը Չինաստանն է: Եվ այդ կոմունիստական Չինաստանը միլիարդատերերի թվով զիջում է միայն Միացյալ Նահանգներին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս իրողության մասին տեղեկանալով ինչպիսի ապրումներ կունենային Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը և Վլադիմիր Լենինը։
Մյուս կողմից՝ ամերիկացի սենատոր, դեմոկրատ Բերնի Սանդերսը, որը, երևի հիշում եք՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում լրջորեն մրցակցում էր Հիլարի Քլինթոնի հետ՝ կուսակցության միասնական թեկնածու դառնալու համար և այս տարի էլ ուզում էր մասնակցել ընտրություններին, բայց, ի վերջո, փոխեց միտքը, անընդհատ բերում էր Դանիայի օրինակը: Ասում էր՝ համեմատեք՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո Ամերիկայում հատկացնում են ընդամենը 12 շաբաթ վճարովի արձակուրդ: Դանիայում գիտե՞ք որքան է՝ 52 շաբաթ, այսինքն՝ ուղիղ մեկ տարի, ընդ որում՝ 18 շաբաթը մորն են հատկացնում, երկու շաբաթը՝ հորը, մնացած 32 շաբաթն էլ՝ ըստ ծնողների հայեցողության՝ կա՛մ մայրը կարող է վերցնել, կա՛մ հայրը:
Ուսումը Ամերիկայի համալսարաններում, փաստում էր սենատորը, հսկայական փող արժե։ Դե ես հո գիտեմ, թե որքան արդարացի է Բեռնի Սանդերսը, տղաս ամերիկյան համալսարաններից մեկում է սովորել։ Իսկ Դանիայում ոչ միայն ուսումն անվճար է, այլև ուսանողին պետությունը ամսական 900 դոլար կրթաթոշակ է տալիս Ճիշտ է՝ Դանիան աշխարհի ամենաթանկ երկրներից է՝ մի քանի տարի առաջ եղել եմ՝ սեփական գրպանիս վրա եմ զգացել:
Բայց հավասարության մասին էինք խոսում: Դուք, օրինակ, համարո՞ւմ եք Ձեզ միջին խավի ներկայացուցիչ: Համաձայնեք՝ շատ դժվար է պատասխանել այդ հարցին: Ըստ Սուիս Քրեդիտ շվեյցարական բանկի վերլուծության՝ միջին խավի ներկայացուցիչ է համարվում նա, ում անշարժ գույքի արժեքը, «պլյուս» բանկային հաշվում եղած գումարը, «պլյուս» գրպանում եղած փողը, «մինուս» պարտքերը՝ կազմում են 50 հազարից մինչև 500 հազար դոլար:
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Մարդու գրպանում եղածը սովորաբար մի մեծ բան չէ: Մեր բանկային հաշիվներում կուտակվածի մասին տեղեկությունները տեսականորեն գաղտնի են: Ասում եմ տեսականորեն՝ որովհետև հայտնի է, որ առնվազն որոշ մարդկանց դա հայտնի է: Հեռու չգնանք՝ օտարերկրյա դեսպանատան հասարակ չինովնիկը, որը ինձանից փաստաթղթեր է ընդունում, անպայման պահանջում է նաև տեղեկանք, թե ես բանկում որքան փող ունեմ: Հասարակ չինովնիկը: Չխորանանք:
Մնում է անշարժ գույքը, որը հիմնականում տունն է, բնակարանը: Եվ ուրեմն, որպեսզի որոշեք՝ Դուք միջին խավին եք պատկանում, թե ոչ, հիմնականում պիտի գնահատեք Ձեր տունը, բնակարանը: Հիմա, եթե ես ասեմ, որ Երևանի երեք համայնքներում՝ Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում ապրողները պատկանում են միջին խավին, իսկ մնացած համայնքներում ապրողները՝ ոչ, Դուք, բնականաբար, չեք համաձայնի: Եվ շատ ճիշտ կանեք: Որովհետև ես ելնում եմ բնակարանների միջինացված գներից՝ այդ երեք համայնքներում՝ միջին բնակարանի միջին գինը գերազանցում է 50 հազար դոլարը, իսկ 50 հազարը, հիշեք, այն ստորին շեմն է, որը Ձեզ դասում է միջին խավին:
Բայց Դուք էլ միանգամայն իրավացիորեն կարող եք առարկել․ նախ՝ ցանկացած համայնքում բնակարանների գները սար ու ձոր են՝ կախված բազմապիսի գործոններից և վերջապես՝ ես կարող եմ ունենալ բնակարան, որը 50 հազար դոլար արժե, բայց միևնույն ժամանակ կարող եմ ունենալ 50 հազար դոլարի պարտք՝ վարկ եմ վերցրել բանկից բնակարանս վերանորոգելու համար: Արդյունքում՝ ստացվում է, որ քանի դեռ ես շարունակում եմ նորոգել բնակարանս ու վարկս չեմ մարել, ես ոչ միայն միջին խավին չեմ պատկանում, այլև պարզապես ծայրահեղ աղքատ եմ: Ոչինչ չունեմ։
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Այ հենց դրա համար էլ երբեք չեմ հասկացել Սահմանադրությունում ամրագրված այն դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է: Ի՞նչպիսի սոցիալական պետություն՝ համընդհանուր հավասարություն քարոզող կոմունիստական Չինաստանի նմա՞ն, որտեղ լիքը միլիարդատերեր կան, թե՞ Դանիայի նման կապիտալիստական, որտեղ ուսումը ձրի է, իսկ ուսանողը ամսական 900 դոլար կրթաթոշակ է ստանում: Իսկի չենք հասկանում, թե որ խավին ենք պատկանում, ուր մնաց՝ սոցիալական պետությունից գլուխ հանենք:
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»