Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական ճանապարհի շինարարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Նոր ասֆալտապատ ճանապարհը էականորեն կկրճատի ճանապարհը դեպի Կապան։ Պայմանագրի արժեքը 1 միլիարդ 170 միլիոն դրամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հայաստանում ընթանում է Տաթև-Աղվանի-Կապան (Սյունիքի մարզ) ռազմավարական ճանապարհի շինարարությունը: Այս պահին հիմնանորոգվում է 12,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի հատվածը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով նաև տեսանյութ։

Պապիկյանը դժգոհ է վերահսկողներից. ուզում է` ճանապարհներն էժան սարքվեն, բայց որակով

Նշվում է, որ նոր ասֆալտապատ ճանապարհը էականորեն կկրճատի ճանապարհը դեպի Կապան։

Պայմանագրի արժեքը 1 միլիարդ 170 միլիոն դրամ է (2,3 միլիոն դոլար)։

Հայտնի է, որ 2019 թվականին նույն մայրուղում հիմնանորոգվել է 6 կմ երկարությամբ «Սատանայի կամրջից» մինչև Տաթև – Աղվանի ընկած հատվածը։

Կորոնավիրուսը ճանապարհաշինությանը չի խանգարի․ պարետը թույլ է տվել սկսել աշխատանքները

Կառավարությունը ծրագրում է ևս երկու տեղամաս վերանորոգել։ Մասնավորապես, 2021 թվականին նախատեսվում է վերականգնել 17,5 կմ ճանապարհ, իսկ 2022 թվականին՝ 10 կմ:

Վերջին անգամ այդ ճանապարհը վերանորոգվել է 1980-ականներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։ 2019 թվականին Հայաստանում վերանորոգվել և կառուցվել է մոտ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել 502 կմ: