Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց

Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում էր տուգանք 20.000 դրամի չափով, իսկ փակ տարածքներում՝ 50.000 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր շրջանառությունից հանել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը։ ԱԺ պաշտոնական կայքում նշված է, որ հեղինակը հետ է վերցրել այն։ Նշենք, որ նախագծի հիմնական զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պետք է լիներ։

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝  երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։

Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում` 50.000 ՀՀ դրամ։

Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։