Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Հայտնաբերված նռնակն ու 23 հատ փամփուշտները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում նռնակ ու փամփուշտներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, ինչպես նաև 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԻՆ–ը «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերված պայթուցիկի մասին ահազանգ է ստացել։ Դեպքի վայր էին մեկնել փրկարարներն ու սակրավորները։

Երևանում 60 կմ/ժ-ից ավելի արագությունը կարգելվի

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, թե ռումբ է տեղադրված «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի «Ֆուդկորտում»։ Մարդկանց տարհանեցին, սակայն մասնագետները տեղազննման արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք չհայտնաբերեցին։

Երեկ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կրկին կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։