Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքը Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ հայտարարություն է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինին խիստ մտահոգել են Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ հայտարարությունները։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականերին հանձնարարել է ուսումնասիրություն անցկացնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գործընթացը սկսելու համար։

Պատրիարքի հայտարարության մեջ նշված է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական մշակույթի մեծագույն հուշարձաններից է, որը կառուցվել է VI դարում Քրիստոս Փրկիչի պատվին։ Նա ընդգծել է, որ այդ տաճարը մեծ նշանակություն ունի ամբողջ ուղղափառ աշխարհի համար։

«Սուրբ Սոֆիայի սպառնալիքը քրիստոնեական ողջ քաղաքակրթության համար է սպառնալիք, այսինքն՝ մեր հոգևորականության ու պատմության համար։ Մինչև օրս էլ յուրաքանչյուր ռուս ուղղափառի համար Սուրբ Սոֆիան քրիստոնեական մեծ սրբավայր է», - նշված է Մոսկվայի Պատրիարքարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հոգևոր առաջնորդը վստահ է, որ ցանկացած քաղաքակիրթ պետության պարտքն է պահպանել հավասարակշռությունը, հաշտեցնել հասարակության շրջանում եղած հակասությունները, ոչ թե սրել դրանք, նպաստել մարդկանց միավորմանը, ոչ թե բաժանմանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց պետք է հաշվի առնել, որ այն, ինչ կարող է կատարվել Սուրբ Սոֆիայի հետ, մեծ ցավ կլինի ռուս ժողովրդի համար։

Պատրիարքը հուսով է, որ Թուրքիայի ղեկավարությունը խոհեմ կգտնվի։

Թուրքիայում ավերում են հայկական կոթողները, իսկ ի՞նչ է անում թուրքական իշխանությունը

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական խորհուրդը՝ Պետխորհուրդը, քննել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու և այն մզկիթի վերածելու հարցը։ Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար նախագահի հրամանագիրը բավարար է։ Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։

Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչություններն արդեն կոչ են արել Թուրքիային հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարից։

Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում