Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը խոսեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտության մասին և ասաց, թե կառավարությունն ինչ է անելու այդ ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

ՀՀ–ում 83 500 մարդ է ինքնամեկուսացել. ԱՆ–ն ամփոփել է Covid-19-ի դեմ պայքարի աշխատանքները

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, մենք առնվազն մեկ անգամ հիմա կերկարացնենք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց նաև, որ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:

«Այո, մենք քննարկում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Դա խնդիր է, բոլորիս համար է խնդիր, բայց մյուս կողմից չենք կարող նաև համաճարակային վիճակը հաշվի չառնել»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 28 936–ի։