ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում հոսանքի գինը գազի պատճառով չի բարձրանա առնվազն մինչև 2021թ․-ի փետրվար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Հուլիսի 19-ից հանրապետությունում կգործեն գազի նոր սակագներ։ Սպառողի համար դրանք չեն փոխվի, բայց 5-6%-ով կավելանան ձեռնարկությունների, այդ թվում՝ էլեկտրակայանների համար։ Նրանց համար սակագներն ուժի մեջ կմտեն երկու շաբաթ ուշ՝ օգոստոսի 1-ից։ Էլելկտրաէներգիայի գինը (որով կայաններն այն վաճառում են էլեկտրացանցերին) կբարձրանա մոտ 5%-ով, այսինքն՝ սպառողի սակագնային բեռը կավելանա։
Այնուամենայնիվ, բնակչության համար սակագներն առայժմ չեն աճի։ Դրանք հաջողվել է նույնը պահել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շնորհիվ։ Դրա սակագինը նվազեցրել են ճիշտ այնքան, որպեսզի ՋԷԿ-երի թանկացումը լիովին փոխհատուցվի։
2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան
Այսպիսով՝ գազի թանկացման պատճառով Հրազդանի ՋԷԿ-ից ստացվող հոսանքը կթանկանա մոտ 1,77 դրամով, «Հրազդան-5»-ինը՝ 1,34 դրամով, Երևանյան ՋԷԿ-ինը՝ 0,8 դրամով։ Արդյունքում էլեկտրականությունը կթանկանա միջինը 1,13 դրամով (ըստ միջին կշռութային հաշվարկի, հաշվի առնելով կայանների արտադրության ծավալը)։ Հաշվի առնելով ընդհանուր արդյունաբերության մեջ ջերմային էլեկտրակայանների մասնաբաժինը՝ սպառողի համար վերջնական գինը պետք է աճի 0,45 դրամով։
Այլ կերպ ասած՝ միջին եկամուտ ունեցող և ամսական 200-300 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա ծախսող ընտանիքի համար հոսանքի ամսական հաշիվը կավելանար ընդամենը 100-150 դրամով։ Սակայն հանձնաժողովը չի ցանկանում թույլ տալ անգամ այդպիսի ոչ մեծ թանկացում, հատկապես այժմյան դժվարին ժամանակներում։
«Ամբողջ գնային բեռն իր վրա է վերցնում ԱԷԿ-ը։ Այնտեղ սակագինը կնվազի ճիշտ այնքան, որպեսզի սպառողի համար թանկացում չլինի»,-նշեց Ուլիխանյանը։
Դրա պատճառով ԱԷԿ-ը կարող է կորցնել եկամուտները, որոնք հարկավոր կլինի փոխհատուցել հաջորդ տարի, քանի որ ատոմակայանը, ի լրումն այլ բաների, սկսում է վերադարձնել կապիտալ վերանորոգման համար վերցրած ռուսական վարկը։
«ԱԷԿ-ի համար սակագինը կվերանայվի հաջորդ տարի։ Բայց այսպես թե այնպես` էլեկտրական հոսանքի նոր սակագները կհաստատվեն ոչ շուտ, քան 2021թ․-ի փետրվարի 1-ին։ Ընդ որում՝ գազի թանկացումը մենք այլևս չենք հաշվելու, քանի որ հիմա ենք հաշվի առնում»,-նշեց Ուլիխանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գազը թանկացել է այն բանից հետո, երբ 2019թ-ին աճել է դրա գինը սահմանին (1000 խորանարդ մետրի համար 150-ից դառնալով 165 ԱՄՆ դոլար, այսինքն՝ 10 տոկոսով ավելի)։ Անցած տարի ռուսական կոնցեռնի դուստր ձեռնարկությունը՝ «Գազպրոմ Արմենիան», դրա թանկացումը փոխհատուցեց սեփական եկամտի հաշվին և չավելացրեց սակագները։ Այս տարի որոշվեց սակագներն ավելացնել բիզնեսի, բայց ոչ բնակչության համար։