Հնդիկ տղամարդը մոտ 4000 դոլար է վճարել ոսկե դիմակի համար, բայց գիտի, որ դա իրեն չի փրկի

Ոսկե դիմակը կշռում է մոտ 56,7 գրամ։ Շանքար Կուրադեն գիտի, որ նույնիսկ այդքան թանկ դիմակն արդյունավետ չէ, եթե սոցիալական հեռավորություն չես պահպանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանքար Կուրադեն կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար հատուկ դիմակ է պատվիրել՝ ամբողջությամբ ոսկուց։ ՌԻԱ Նովոստիին նա պատմել է, թե որտեղից է ծնվել ոսկեզօծ պաշտպանիչ դիմակի գաղափարը։

Ինչո՞ւ Անգելա Մերկելին ոչ ոք դիմակով չի տեսել

«Ոսկե դիմակ պատրաստելու գաղափարը մտքումս ծնվեց, երբ տեսա մի մարդու արծաթյա դիմակով։ Քանի որ ես սիրում եմ ոսկի և կրում եմ ծանր ոսկե շղթաներ, մատանիներ, որոշեցի՝ ինչո՞ւ ես էլ ոսկե դիմակ չկրեմ»,- պատմել է հնդիկ տղամարդը։

Նրա ոսկե դիմակը կշռում է մոտ 56,7 գրամ։ Դրա համար Շանքար Կուրադեն 289 հազար ռուփի է վճարել (մոտավորապես 3870 դոլար)։

Նա հավելել է, որ դիմակի մեջ շնչելու համար փոքրիկ անցքեր են արված։

«Ինչ վերաբերում է դիմակի արդյունավետությանը, մենք գիտենք, որ դիմակները բավարար չեն, դեռ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել։ Այդ պատճառով ոսկե դիմակով փողոց դուրս գալիս ես նույնպես պատշաճ կերպով հետևում եմ հեռավորության պահպանմանը»,- նշել է Կուրադեն։

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Նրա խոսքով ՝ դիմակը գրավել է տեղի բնակիչների և լրատվամիջոցների ուշադրությունը։

«Ես հայտնվեցի ուշադրության կենտրոնում, երբ ոսկե դիմակով փողոց դուրս եկա։ Չնայած իմ ընտանիքի ոսկով հետաքրքրվելը հայտնի է այս տարածաշրջանում, ոսկե դիմակը բոլորովին նոր բան է, այդ պատճառով էլ մարդկանց հետաքրքիր է», - հավելել է նա։

Նշենք՝ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է՝ «զիջելով» միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։

Worldometers կայքի հուլիսի 5-ի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 695 396 մարդ. նրանցից 423 001-ն ապաքինվել են, 19 692 -ը՝ մահացել։