ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին այսօր հայտնաբերվել է Գյումրու բնակարաններից մեկում։
Նրա մահվան պատճառներում կրիմինալ տարրեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից։ Ըստ դեսպանության` մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, նյարդային խնդիրներ են եղել։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Հայաստանում ռուս զինվորականի մահվանից հետո Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգը Հայաստանի իրավապահների հետ սկսել է համատեղ քննություն իրականացնել։
Հարավային ռազմական օկրուգի ներկայացուցչի խոսքով` ռուս զինծառայողի մարմինը հայտնաբերել են տեղի իրավապահները` Գյումրիի տներից մեկում։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը Sputnik Արմենիային հայտնեց` Գյումրու ռուսական ռազմաբազայի մահացած զինծառայողը պայմանագրային էր։ Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի` Շիրակի մարզային վարչության հետաքննիչները։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Ըստ Shamshyan.com–ի` զոհվածը Ռուսաստանի 20-ամյա քաղաքացի է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ննջարանում, տեղում նաև նամակ է եղել: Sputnik Արմենիայի տեղեկություններով`դժբախտ պատահարի առիթն անպատասխան սերն է։