ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերսկսել է փորձերը։ Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտակարգ դրության պարետի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հատուկ թույլտվությամբ դերասանները երկու-երեք հոգով փորձեր անելու հնարավորություն են ստացել։
Փորձերն իրականացվում են ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ բեմերում։ Դերասանները փորձեր են անցկացնում թատրոնի բաց տարածքներում՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։
Նոր ներկայացումները կհարմարեցվեն հատուկ այդ նպատակով ստեղծված բաց տարածքներում ցուցադրելու համար։ Թատրոնում ընթանում են ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ, գազանները, հանգամանքները» պիեսի վրա հիմնված ներկայացման փորձերը։ Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
Հրավիրված ռեժիսոր Գոռ Մարգարյանը վերսկսել է երիտասարդ լեհ դրամատուրգ Է․Խովանեցի պիեսի վրա հիմնված «Գարդենիա» ներկայացման աշխատանքները։
Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ
Բացի այդ, այժմ աշխատանքներ են տարվում ևս երկու ռեժիսորների՝ Իրա Հարությունյանի ու Մանվել Խաչատրյանի բեմադրությունների ուղղությամբ։
Ստանիսլավսկու թատրոնը նախատեսում է բեմադրվող ներկայացումներին նվիրված մի շարք հարցազրույցներ անցկացնել Facebook-ի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք՝ արտակարգ դրության ռեժիմի շրջանակում թատրոնների, պատկերասրահների, համերգասրահների ու թանգարանների աշխատանքը Հայաստանում դադարեցված է։
Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է