Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային վերանորոգման

Ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասել է, թե ինչ աշխատանքներ են կատարվելու վերանորոգման ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ը հուլիսի 1-ին կանգնել է հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով:

«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», - ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում:

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

«Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թ-ին, ընթացիկ տարին օգտագործվելու է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար», - ասել է Յուրի Սվիրիդենկոն` Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավարը:

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից. նախարարը հայտնել է, թե ինչ է լինելու ատոմակայանում

2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում և փոխարինում, ավարտվել է համակարգերի և սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը: Բացի այդ, կայան է մատակարարվել անհրաժեշտ սարքավորումը։

Ինչպես է Հայաստանի ատոմակայանն աշխատում արտակարգ դրության պայմաններում