Հայաստանում բոլոր նորակոչիկները թոքերի ու COVID-ի հետազոտություն են անցնում. լուսանկարներ

Բազմաշերտ հետազոտություն է արվում, որպեսզի բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։ Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ստեփանյանի խոսքով` զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։

Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին

COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։

Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որ բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ:

Ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի 2 ամիս: Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նորակոչիկները երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 593–ով և հասել 26 658–ի։