Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը հետաձգվեց

ԲՀԿ առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, թե բողոքների քննությունն ինչու է հետաձգվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը, որը ներկայացրել էին պաշտպաններն ու դատախազությունը։ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ բողոքների մի մասը դեռ դատարան չէր հասել։

«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել, այս պահին դեռ դատարան չէր հասել»,- ասաց նա։

Դատական նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին` ժամը 11։00-ին։

Ծառուկյանն այսօր դատարան չէր ներկայացել, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։

Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Օրենսդրությանը հակասող իրավիճակ չկա. դատախազության պատասխանը Ծառուկյանի փաստաբանին