Անցյալ տարվա ցորենն այս տարի պետք չէ. կառավարությունը գյուղացուն նոր պայման է առաջարկում

Սերմացուն պետք է լինի որակյալ, որպեսզի բարձր բերք ապահովի: Կառավարության ծրագրի նպատակն է նաև գյուղացուն ցույց տալ, որ չի կարելի ցանել նախորդ տարվանից պահած ցորենը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում Հայաստանում կանխատեսվող հացի պակասուրդից խուսափելու համար ՀՀ կառավարությունը որոշել է աշնանացան ցորեն արտադրող տնտեսվարողներին ու գյուղացիներին պետական աջակցություն տրամադրել: Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

Բերքահավաք Ռուսաստանում․ ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ցորենի շուկայում

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ սուբսիդավորման համար ընտրվել են Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերը, քանի որ պաշտոնական տվյալներով այս մարզերում է գտնվում ՀՀ ցորենի արտերի շուրջ 95%-ը:

Ծրագրով նախատեսվում է 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում՝ 1 կգ-ի համար 70 դրամի չափով:

Նախագծի ընդունումը, նախարարի խոսքով, կնպաստի ՀՀ-ում ցորենի բերքատվության շուրջ 30%-ով ավելացմանը:

Խաչատրյանի մեկնաբանմամբ` Հայաստանում ցորենի ցածր բերքատվությունը մեծ մասամբ կախված է ցանվող ցորենի որակից:

«Գյուղացիները, որպես կանոն, հաջորդ տարի ցանում են այս տարի ստացած ցորենի բերքի մի մասը, ինչի արդյունքում 1 հա-ի բերքատվությունը կազմում է 1.8- 2 տոննա»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ծրագրի նպատակն է նաև գյուղացուն ցույց տալ, որ «չի կարելի ցանել նախորդ տարվա ստացած բերքը»:

«Սերմացուն պետք է լինի որակյալ, որպեսզի բարձր բերք ապահովի: Պահած սերմացուն կարող են վաճառել ու այդ գումարը օգտագործեն նոր սերմացու ձեռք բերելու վրա»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հայտնեց, որ պետական աջակցությունը կարող է շարունակվել առավելագույնը 2-3 տարի: Այդ ընթացքում գյուղացին պետք է սովորի աշխատել նոր պայմաններում:

Կորոնավիրուսի պատճառով կարող ենք հացի խնդիր ունենալ. կառավարությունը լուծում է փնտրում

Ի դեպ, հետաքրքրական է, որ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված ծրագրի հիմնավորումներում նշված է, որ «կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը», սակայն կառավարության նիստում դրա քննարկման ընթացքում այս մասին որևէ հիշատակում չեղավ:

Նշենք, որ այսօր ՀՀ հացահատիկի շուկան գրեթե ամբողջությամբ կախված է ներկրումներից: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2015 թվականի համեմատ 2019 թվականին աշնանացան ցորենի ցանքատարածությունները ՀՀ-ում նվազել են շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42%-ով, ինչի արդյունքում ստացված բերքի ընդհանուր ծավալը նվազել է 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110 300 տոննա:

Եթե 2014 թվականին Հայաստանն ապահովում էր իր ցորենի պահանջարկի 48,7%-ը, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31,5%: