ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ–ի պարգևավճարները 5 անգամ շատ են եղել բյուջեի եկամտային մասի մուտքերից

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը