ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իտալական «Ռոման» հայտարարություն էր տարածել, որ պայմանավորվածություն է ձեռք բերել անգլիական «Արսենալի» հետ, ըստ որի Մխիթարյանը «Ռոմայում» վարձավճարով հանդես կգա մինչև 2021 թվականի ամառ: Դա մեխանիկորեն նշանակում է, որ Հենրիխն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կտեղափոխվի «Ռոմա», քանի որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է հենց 2021 թվականի ամռանը: Ֆուտբոլային պրակտիկայում պարզապես հնարավոր չէ, որ ակումբն իր ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրի այլ ակումբ պայմանագրի վերջին տարվա ընթացքում: Այդ պատճառով էլ եզրահանգումը մեկն է՝ Մխիթարյանը խզելու է պայմանագիրը «Արսենալի» հետ:
«Ռոմայում» մնալու Հենրիխի ցանկությունը և հայ ֆուտբոլիստի գրանցումը փոխելու ուղղությամբ նրա գործակալ Մինո Ռայոլայի աշխատանքները արդյունքներ տվեցին։
31-ամյա Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա» 2019 թվականի սեպտեմբերին: Հայ ֆուտբոլիստի նորամուտը «գայլերի» կազմում ստացվեց. նա դարձավ գոլի հեղինակ «Սասուոլոյի» հետ խաղում 2019 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հետագայում մարզիչ Պաոլո Ֆոնսեկայի կողմից վստահությունը Հենրիխի նկատմամբ միայն մեծացավ: Մխիթարյանը գործում էր ոգևորված, անկաշկանդ, և որ ամենակարևորն է`Հենրիխի խաղը դուր էր գալիս գլխավոր մարզչին:
Սակայն վնասվածքը հնարավորություն չտվեց Մխիթարյանին նույն մակարդակով շարունակել իր ելույթները ջալոռոսիների կազմում: Հենց այդ պատճառով էլ «Ա» սերիայում «Ռոմայի» անցկացրած 28 խաղերից Մխիթարյանը մասնակցել է միայն 15-ին: Իսկ, ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը «Ռոմայի» մարզաշապիկը կրել է 22 խաղերում, դարձել հինգ գոլի ու գոլային երեք փոխանցման հեղինակ: Covid 19-ի պատճառով մոտ չորս ամիս հետաձգված առաջնության վերսկումը ապացուցեց, որ Մխիթարյանը իրոք վաղուց է հարմարվել «Ռոմայի» խաղին:
«Հիանալի խաղացող է, նրանից սովորելու բան կա». Ջասթին Կլյուվերտը` Մխիթարյանի մասին
«Ա» սերիայի վերսկսումից հետո, հենց առաջին խաղում, որում «Ռոման» կամային հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ, Մխիթարյանը շատ լավ տպավորություն թողեց իր խաղով ու օգտակար գործողություններով: Իհարկե վիճակագրությունը շատ կարևոր գործոն է ֆուտբոլիստի համար, բայց երևի ամենակարևորն այն է, որ գլխավոր մարզիչը՝ Պաոլո Ֆոնսեկան, իր բոլոր հարցազրույցներում նշում է, որ Մխիթարյանին վստահում է և ուզում է, որ նա խաղա «Ռոմայի» կազմում:
Օգտագործելով Մխիթարյանին հարձակման եզրերում, երբեմն նաև ենթահարձավկողի դիրքում` Ֆոնսեկան միշտ էլ նշել է, որ Հենրիխը շատ բարձր ՕԳԳ ունի թիմային խաղում: Հայ ֆուտբոլիստի օգտակար գործողության գործակիցը գնալով կբարձրանա, որովհետև Հենրիխը իրեն միայն հարձակման գծում չէ, որ դրսևորում է: Մեր ֆուտբոլիստը, երբ դրա կարիքը լինում է, անընդհատ նահանջում է ու մասնակցում իր թիմի դարպասի պաշտպանությանը: Ունիվերսալիզմը, որը կարող է դրսևորել Մխիթարյանը խաղադաշտում, աստիճանաբար արտահայտվում է ավելի ցայտուն կերպով: Մնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստին չխանգարեն այլ գործոններ(աստված մի արասցե` վնասվածքը): Բացի այդ լուրը, որ Մխիթարյանը արդեն հաստատ կմնա «Ռոմայում», նաև հոգեպես դրական ազդեցություն կունենա մեր ֆուտբոլիստի վրա: Այլևս մտավախություն չի լինի, որ նա հետ է վերադառնալու Անգլիա, որտեղ նրան Միկել Արտետան ուղղակի չի սպասում:
«Ռոմայի» պաշտոնական խաղին իր վերջին հարցազրույցում Հենրիխը ասել է, որ այս մրցաշրջանի ավարտին դեռ շատ անելիքներ ունի: «Ռոման» պայքարում է «Ա» սերիայի լավագույն քառյակում հայտնվելու համար, իսկ Մխիթարյանը նշում է, որ ամեն ջանք չի խնայելու իր թիմին օգնելու համար: Դե ուրեմն` առա՛ջ «Ռոմա» և առա՛ջ Մխիթարյան:
«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից