Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարօրինակ պատմություն է ներկայացրել` հայտնելով, որ մինչ օրս որոնում են հունիսի 29-ին մահացած մի տատիկի դի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook սոցցանցի իր էջում ահազանգել է, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին։

«Ինձ գրել և այնուհետև զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը։ Նա պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Մի պահ թվաց` աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել»,–գրում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով` հունիսի 29-ին մահացած տատիկի հարազատներին տեղեկացրել են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր Մարիամի եղբայրը անատոմիկում փորձել է գտնել տատիկի դին, բայց ապարդյուն: Երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտել է անատոմիկ և դիակների մեջ փորձել գտնել տատիկին:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Զոհրաբյանը հայտնում է, որ հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, իսկ երբ դիմել են առողջապահության նախարարություն, նրանց հետ են ուղարկել պարետատուն: Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 62-ամյա կին է

ԲՀԿ–ական պատգամավորի խոսքով` հարազատներին հաջողվել է այլ աղբյուրներից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել, և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Sputnik Արմենիան առաջիկայում կփորձի պարզաբանում ստանալ նաև պատկան մարմիններից։

523 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 26 065