Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում

Մեկ թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար (1200 դրամ), աշխարհում նման թեստերի միջին արժեքը 10 դոլար է (4800 դրամ)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik.Հայաստանում արտադրված կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Մոտ օրերս մենք կստանանք ՀՀ առողջապահության նախարարությունից պաշտոնական գրություն, որն ունենալուց անմիջապես հետո կսկսենք թեստերի տրամադրումը: Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները։ Այժմ պատրաստ է արդեն 6 հազար թեստ»,- ասաց Արսեն Առաքելյանը:

Հայկական արտադրության ՊՇՌ թեսթերը 98-100 տոկոս ճշգրտություն ունեն։

Մեկ թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար (1200 դրամ), աշխարհում նման թեստերի միջին արժեքը 10 դոլար է (4800 դրամ)։

Արսեն Թորոսյանը լավ լուր ունի` հայկական արտադրության թեստերը պատրաստ են

Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ Շվեյցարիայից և Չինաստանից:

Հիշեցնենք, որ հայկական թեստերի արտադրանքի մասին խոսակցությունները սկսել էին մարտից, իսկ անմիջապես արտադրությունը՝ մարտի 14-ից։

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26 065 դեպք, որոնցից 14 563-ը` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 900 պացիենտ:

Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով