Հայաստան հասած նոր թեստերի պատասխանը 75 րոպեում պարզ կլինի

Թեստերի պատասխանը ստանալու կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևան են հասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 000 թեստերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

«ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն են այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։

Հայկական թեստերի փորձարկման պատասխանը եկել է. երաշխավորում են ստացել չորս նմուշից երեքը

Հիշեցնենք` հակահամաճարակային արձագանքմանը աջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ փորձագետների խումբ է ժամանել Հայաստան:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 26 065-ի։