Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել. խոսնակը պատասխանել է փաստաբան Աթանեսյանին

Գևորգյանն առաջարկել է ևս մեկ անգամ ընթերցել 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մանրակրկիտ անդրադարձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է այն հիմքերը, որոնց հիման վրա Նիկոլ Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Նրան զարմացրել և անհասկանալի է թվացել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումն այդ թեմայով։

Զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են. դատախազ

Նշենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկ Facebook-ի իր էջում գրել էր, որ երբ վարչապետը նշում է, որ ծառայությունից ազատվել է «երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» հիմքով, «մեղմ ասած ճիշտ չի ասում»: «Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսանել է 1991-1995 թթ. ընթացքում և այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը: Ինչևէ, 1995թ. աշնանը, երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե ոչ, նա 20 տարեկան էր և ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչև 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչև 2000 թվականի գարունը»,–գրել է նա։

Մանե Գևորգյանը հիշեցրել է, որ 1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

«Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, և նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին։ Միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձևակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։ Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչև 1993 թ-ի նոյեմբերի 8-ը և այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձևակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է և կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել»,–գրել է նա։

Ինչքան է պատրաստ եղել վճարել հայրը՝ որդուն ծառայության չուղարկելու համար. ԱԱԾ բացահայտումը

Մանե Գևորգյանի խոսքով` Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձևակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաև վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։

«Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս և հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միևնույն է` փաստերը դրանից չեն փոխվելու»,–գրել է նա։

6 զինծառայող կորոնավիրուսից բուժվել ու անցել են ծառայության

Գևորգյանը հիշեցրել է, որ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձել է և առաջարկել ևս մեկ անգամ ընթերցել այն։